Երևան
12 °C
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Նյարդերից թույլ մարդկանց, հղիներին, երեխաներին խորհուրդ է տրվում չկարդալ նյութը՝ հաշվի առնելով բովանդակության մեջ առկա գերզգայուն նկարագրությունները:
Մեկ տարի առաջ այս օրը 36-ամյա Անին (անունը փոխված է, զրուցակիցը չի ցանկացել իրական անուն-ազգանունը հրապարակվի) իր 4 անչափահաս երեխաների հետ կարողացավ փախչել ՀՀ գյուղերից մեկում գտնվող բռնարար ամուսնու տնից:
2021-ի ցուրտ ու քամոտ աշնանային այս օրը՝ առանց վերարկու, տնային հողաթափերով մայրն ու երեխաները դուրս էին նետվել տնից, տաքսի նստել ու հասել մարզկենտրոն, ապա՝ այնտեղից տեղափոխվել Երեւանի կանանց աջակցման կենտրոն. այդ օրվանից նոր սկիզբ դրվեց Անիի 20 տարի «ընդհատված» կյանքին:
Նրան 16 տարեկանում փախցրել էր բոլորովին անծանոթ, 5 տարով իրենից մեծ մի երիտասարդ:
«Քեռիս իրենց գյուղում էր ապրում, արձակուրդներին նրա տուն հյուր էի գնում, հետագայում ամուսինս դարձած անձն ինձ այնտեղ էր տեսել, հետո փախցրեց: Ինձ սկզբում այլ մարզ տարան՝ նրա քեռու տուն. այնտեղ էին պահում: Գրեթե մեկ շաբաթ էր անցել, երբ մերոնք իմացել էին տեղս ու եկել՝ հետ տանելու: Ծնողներիս հետ եկել էր նաեւ մեծ եղբայրս, որն ինձ տարավ՝ առանձին խոսելու ու ասաց, որ մոռանամ հայրական տունս, եթե մեկ շաբաթ մնացել եմ իր (ամուսնուն նկատի ունի) հետ, ուրեմն ետդարձի ճամփա չունեմ: Ինչքան էլ եղբորս բացատրեցի, որ նա ինձ մատով անգամ չի կպել, միեւնույն է, չհասկացավ...»,- հիշում է Անին ու հավելում՝ ամուսնու «ձեռք չտալը» պայմանավորված է եղել ոչ հարմարավետ պայմաններով. տղայի քեռու ընտանիքը բազմանդամ է եղել:
Նրա խոսքով՝ հենց առաջին շաբաթն արդեն տարօրինակություններ է նկատել ամուսնու մոտ, սակայն չի գիտակցել կամ գուցե չի պատկերացրել, որ հնարավոր է՝ վերջինս հետագայում է՛լ ավելի ագրեսիվ վարքագիծ դրսեւորի: «Ես իրավունք չունեի իր հետ սեղան նստելու, հաց ուտելու, ինքը պետք է վեր կենար, հետո նոր ես նստեի: Իրեն երբեք չեմ հավանել, հենց սկզբից. հավանելու բան չէր»,- դառնությունից քմծիծաղ տալով՝ ասում է 36-ամյա կինը:
«Ինքը ո՛չ շնորհք ուներ, ո՛չ պահվածք: Ճիշտ է, առաջին երեխայի ծնվելուց հետո փորձում էի համակերպվել, աշխատում հնարավորինս լավ մայր, լավ կին լինել, բայց այն տեսակ մարդ, ինչպիսին ինքն է, հնարավոր չէ սիրել կամ ընդունել: Համարյա 20 տարի ապրել եմ իր հետ, բայց առաջին օրվանից մինչեւ վերջին օրը իմ ու իր սեռական հարաբերությունները եղել են բռնի, ծեծով, ջարդով, բռնաբարություններով»,- մտաբերում է Անին՝ ամենայն ցավով հիշելով, որ անգամ առաջին սեռական հարաբերությունից հետո երկար ժամանակ՝ շուրջ մեկ ամիս, չի կարողացել նորմալ քայլել:
Առաջնեկի ծնվելուց հետո տեսնելով ամուսնու հետզհետե անկառավարելի վարքագիծը՝ Անին չի ցանկացել այլեւս երեխաներ ունենալ, սակայն թե՛ ամուսինը, թե՛ վերջինիս ընտանիքի անդամները պնդել են, որ ծննդաբերի. «Միանվագ գումարների, բազմազավակության ու սոցիալապես անապահով լինելու համար ստացվող գումարների համար էին ուզում, որ երեխաները ծնվեն: Ինքը միշտ կեսկատակ, կեսլուրջ ասում էր՝ կարանք ծախենք»:
Ամուսնությունից որոշ ժամանակ անց ամուսինը կնոջը եւ երկու երեխային տարել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մնացել են շուրջ 6 տարի:
Պատմելով ՌԴ-ում անցկացրած ժամանակաշրջանի մասին՝ կինն ասում է՝ լավ օրեր այնտեղ էլ չի ունեցել. «Խախոլ, ցիգան, ում ասես բերում էր տուն, սեռական կարիքները բավարարում, ինձ էլ ասում էր՝ նայիր, որ սովորես: Երկու մեծս՝ որդիս ու դուստրս, տեսել են այդ ամենը, դրա համար էլ առողջական խնդիրներ ունեն»:
Հայաստան վերադառնալուց հետո, սակայն, Անիի ընտանիքը չի իմացել նրանց գալու մասին՝ կարծելով, թե դուստրը եւ թոռները ՌԴ-ում են, իսկ Անիին արգելվել է ընտանիքի հետ որեւէ առնչություն ունենալ. լվացքը գիշերով է միայն թույլատրվել կախել, իսկ ցերեկային ժամերին սենյակից դուրս գալը խստիվ արգելված է եղել: «Երեւի գիտեր, որ հանկարծ մեկին կպատմեմ, կամ մերոնք կտեսնեին, կիմանային՝ ինձ ինչ օր է տալիս, հետ կտանեին... չնայած տանող լինեին՝ վաղուց կտանեին: Ընտանիքս շատ բաներ էր հասկացել ու իմացել, պարզապես չիմանալու էր տալիս»,- ասում է ընտանիքից պաշտպանություն չզգացած կինը:
Ամուսնու ծնողները եւս վատ են վերաբերվել հարսի հետ: Երեխաներին վաճառելու գաղափարին նրանք էլ են կողմ եղել. «Մեկ անգամ հակադարձեցի՝ հարձակվեցին վրաս ու փոքր երեխու նման ինձ ծեծեցին, նկուղ էին գցել՝ իբր պատժում էին»:
Անիի խոսքով՝ այն ընտանիքում, որտեղ հարս է եղել, ընդունված չի եղել, որ կինը կանացի զգեստներ հագնի. պետք էր տան տղամարդկանց հին հագուստները հագներ. «Երեխեքս ինձ փախչելուց հետո են կնոջ շորով տեսել. պիտի զարմացած ու հիացական հայացքները տեսնեիք»:
Ասում է՝ ամուսնու հայրը հարբեցող է եղել, իսկ մայրը Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ է մահացել, երբ ամուսինը 7 տարեկան է եղել. նրան խորթ մայրն է մեծացրել: Կնոջ դիտարկմամբ, սակայն, անմայր մեծանալու տրավման դժվար թե ազդած լինի ամուսնու վրա: «Եթե դա լիներ պատճառը, թող իմ հանդեպ ագրեսիվ լիներ, ոչ թե իր մանկահասակ երեխաների»,- ասում է նա:
Վերջինս համոզված է՝ բռնարարին ոչինչ չի կարող փոխել. իր դառը փորձը դրա վկայությունն է: «Իրենք կարող է մեկ կամ երկու ժամ ցույց տան, թե ընդունակ են փոխվելու, բայց նորից ագրեսիվանան ու ավելի դաժան բաներ անեն: Իրենց մոտ դադար չկա, իրենք դրանով են սնվում, իրենց երեխաներին էլ չեն սիրում: Իրենք մեզ վրա ինքնահաստատվում են»,- շեշտում է երիտասարդ կինն ու իր հետ պատահած հերթական զարհուրելի դեպքը վերհիշում.
«Մի անգամ իրեն դրսում նեղացրել էին, ջղայնացած եկավ տուն, մի քանի րոպե հետո պլիտան միացրեց ու ասաց, որ ես եւ տղաս պետք է հերթով երեք րոպե բոբիկ կանգնեք վրան: Եթե միանգամից չկանգնեինք, եւս երեք րոպե էր ավելանում: Գիտեի, եթե չանեի, շալվարի գոտին էր հանելու ու սկսեր երեխայիս աչքիս առաջ ծեծել. դրա համար անկախ ինձնից՝ երեք էլ, տասներեք էլ էի կանգնում, միայն թե երեխայիս ձեռք չտար»:
Անիի խոսքով՝ ամուսնու մոտ նաեւ խանդի անառողջ դրսեւորումներ են եղել, ընդհուպ՝ երեխաների հանդեպ. «Որդուս, որ համբուրում էի, ասում էր՝ էլ չտեսնեմ իրեն համբուրես, թե չէ վատ կլինի երկուսիդ համար էլ: Նախքան այստեղ գալս երազում էի մեծ տղայիս գրկելու, մայրական գուրգուրանք տալու մասին»:
Թե ամուսնու հատկապես ո՞ր արարքն է պատճառ դարձել եւ ստիպել համարձակություն գտնել ու փախչել տնից, վերջինս պատմում է. «Դանակը դրել էր փոքր երեխուս վզին, ինձ ասում էր՝ համակարգչով հիմա գրում եմ p***օ, ու ինչ անում են, պետք է անես, չկարողացար՝ երեխուդ կմորթեմ: Ամբողջովին մերկ էր տան մեջ, մեծ դուստրս վախեցած վազեց ընդառաջ, փաթաթվել էր ոտքին ու աղաչում էր, որ չսպանի իր քրոջը»:
36-ամյա կնոջ մոտ նաեւ ներքին վախեր ու կասկածներ են առաջացել այն բանից հետո, երբ ամուսինն իր հարազատ քրոջ դստեր հասցեին է որոշ ակնարկներ արել: (Փոխանցած խոսույթը չենք ներկայացնում, քանի որ այն հրապարակման ենթակա չէ). «Ինչ տարբերություն՝ քո՞ երեխան, թե՞ քրոջդ: Երեւի դա էլ ինձ ստիպեց, որ մեջս համարձակություն գտնեմ ու երեխաներիս իր ձեռքից ազատեմ: Չնայած երեխաներին երբեք չէի վստահում իրեն, ներքին վախ կար մեջս, մանավանդ՝ փոքրիս. 3 տարեկան է: Միշտ ասում էր՝ պետք է ծախեմ, կասեմ՝ մահացել է, որ մի հատ էլ երեխա ունենաս: Մեծ դստերս հետ հսկում էինք գիշեր-ցերեկ»:
Կորոնավիրուսային համավարակի գերլարված ընթացքում, երբ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, այն դպրոցում, որտեղ սովորել են Անիի երեխաները, հեռախոս են տրամադրել, եւ դրա միջոցով սոցիալական ցանցում դուստրը նկատել է «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի հայտարարությունը, համարներ գտնել ու ասել մորը:
«Եթե տանն էր, հեռախոսը տալիս էր, որ երեխան դաս անի, բայց եթե որոշում էր որ գնալու է ընկերներով խմելու, քեֆ անելու, երեխան զրկվում էր դասերին մասնակցելուց»,- պատմում է կինը՝ նշելով՝ մի օր ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ քնած է եղել, եւ ինքը պահն օգտագործել է ու զանգել աջակցման կենտրոն:
Կենտրոն զանգահարելուց օրեր անց մայրը երեխաների հետ փախչել է տնից: Փախուստից 10 ամիս անց ամուսինը գտել է կնոջը: Գնացել է այնտեղ, որտեղ աշխատանքի է անցած եղել Անին: Այդ ժամանակ կինն անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Ոստիկանները տղամարդուն զգուշացրել են, որ 100 մետրից ավելի չի կարող մոտենալ կնոջը եւ երեխաներին, որից հետո, ըստ Անիի, բռնարարը չի հետապնդել իրենց:
Զրույցի ավարտին Անին ժպիտով արձանագրում է՝ առաջին անգամ կարողացավ իր կյանքի պատմությունը լիարժեք պատմել ու դրա մասին խոսել առանց լացի: Վերջինս նկատում է, որ նախկինում ատելություն է զգացել երեխաների հոր նկատմամբ, շատ անգամներ նրա մահն է ցանկացել, իսկ հիմա. «Կուզեմ ապրի, ու տանջվի, եթե, իհարկե, գիտակցի: Անգամ խղճում եմ իրեն, նույնիսկ սեփական երեխաներն են ատում: Նրա պատճառով է, որ այսօր մեծ երեխաներս առողջական խնդիրներ ունեն»:
Անիի առաջնեկը՝ տղան, 18 տարեկան է: Վերջինս պարբերաբար բռնությունների պատճառով նյարդային եւ հոգեբանական խնդիրներ է ձեռք բերել: Չնայած զորակոչային տարիքին՝ տղան այս պահին առողջական խնդիրների պատճառով գտնվում է տարկետման մեջ: Նրա 15-ամյա քրոջ մոտ մանկական նեւրոզ է ախտորոշվել: Աղջիկը եւս բուժումների կարիք ունի: Անիի փոքր երեխաները 9 եւ 3 տարեկան աղջիկներ են: Մոր խոսքով՝ վերջիններիս մոտ առողջական խնդիրներ չեն նկատվում: Անին այժմ իր չորս զավակի հետ ապրում է «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի օժանդակությամբ գտած տներից մեկում:
Նկատենք, որ բռնությունների ենթարկված կինը զրույցի ամբողջ ընթացքում չտվեց ամուսնու անունը՝ նրան միայն կոչելով ինքը:
Իրավապաշտպան, «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ միայն այս տարի Հայաստանի Հանրապետությունում կնոջ սպանության 10 դեպք է գրանցվել արդեն, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել: Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում այս ցուցանիշը՝ ընդգծելով, որ տարեցտարի դիմողների թիվը զգալի ավելանում է:
«Մեր թեժ գծերի հեռախոսազանգերը եւս շատացել են. մասնավորապես՝ «Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիա» հ/կ-ն ամեն տարի 5000 հեռախոսազանգ է ունենում, սակայն այս տարի 6 ամսվա ընթացքում է եղել գրեթե 5000 ահազանգ: Ինչ վերաբերում է «Կանանց աջակցման կենտրոն»-ին, ապա ամեն տարի այնտեղ եղել է 300 շահառու, այս տարի կես տարվա ընթացքում շահառուների թիվը 550 է: Այս տվյալները վկայում են, որ ծառայությունների եւ աջակցման կարիք բավականաչափ անձինք են ունենում իրենց երեխաների հետ միասին: Սա նաեւ նշանակում է, որ խնդիրը մեր երկրում բավականին ծանր է եւ պետական մակարդակով լուրջ ուշադրության կարիք ունի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձանագրում է իրավապաշտպանը:
Հովհաննիսյանի փաստմամբ՝ այս թվերի զգալի փոփոխությունը ինչ-որ չափով պայմանավորված է իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ: Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնում, որ հետազոտությունները ցույց են տալիս՝ հասարակական գիտակցության փոփոխման կարիք ունենք. «Ակնհայտ է, որ մեր երկրում դեռեւս մարդիկ չեն գիտակցում, որ բռնությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել»:
Ըստ Հովհաննիսյանի՝ ոստիկանությունը եւս ցանկացած ահազանգի դեպքում այց է կատարում, հաշվառում բռնարարին, նախազգուշացնում կամ օրենքով սահմանված կարգով՝ այլ միջոց կիրառում: Նա մեջբերում է ՀՀ քննչական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ ընտանեկան բռնության համար այս տարի՝ առաջին 6 ամսում, 391 քրեական գործ է հարուցվել. «Եթե սա համեմատենք նախորդ տարվա հետ, տարբերությունը զգալի է. նախորդ ամբողջ տարվա ընթացքում եղել է 566»:
Խոսելով ընտանեկան բռնությունների տեսանկյունից ամենախնդրահարույց բնակավայրերի մասին՝ զրուցակիցը նկատում է. «Երեւանն ինքնին շատ մեծ է, ու բնակչության թվով արդեն իսկ շատ են դիմողները: Արմավիրի մարզից են շատ լինում դեպքերը: Տարօրինակ է, Երեւանին մերձ մարզ է, սակայն այդքան խնդրահարույց է: Սյունիքում է բավականին վատ վիճակ, Գեղարքունիքում եւ այլն»:
Բռնությանը զոհ դարձած կանայք ամենատարբեր հոգեբանական վիճակներում են գտնվում, ասում է Հովհաննիսյանը: Կանայք կան, որոնք աջակցման կենտրոն տեղափոխվելուց հետո անդադար քնում են, կանայք կան, որ ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել վախերը, անընդհատ մտածում են, որ իրենց կգտնեն, կվնասեն: Կանայք էլ կան, որ որոշակի վստահություն են ձեռք բերել՝ ամեն բան անցյալում է:
«Մեծ աշխատանք են կատարում հոգեբանները, քանի որ կանայք կան, որոնք դատական գործընթացներում առերեսվում են բռնարարների հետ, սա նրանց համար հուզական մեծ սթրեսի պատճառ է դառնում: Շատերը դժվար են դատարանում ներկա գտնվում, չեն կարողանում խոսել՝ տեսնելով այնտեղ մարդու, որը տարիներ շարունակ եղել է իրենց ամենամեծ վախի պատճառը»,- ասում է նա:
Զարուհի Հովհաննիսյանը աներկբա վստահ է՝ պետությունը պետք է լուրջ մեխանիզմներ ներդնի՝ բռնությունները կանխարգելելու առումով, քանի որ ոստիկանությունն իր՝ այսօր ունեցած լիազորություններով հաճախ չի կարողանում կանխել ընտանեկան բռնություններն ու դրա առաջացրած հետեւանքները: Վերջինս օրինակ է բերում ամիսներ առաջ Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ նախկին ամուսինը նռնակով պայթեցրել էր իրեն եւ կնոջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան
Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ
Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է
AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»
Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան
Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել
Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ
Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ
Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին
«Ստեղծենք միասին» նախագծով «Իմ քայլը» փորձում է արմատավորել բարեգործական ընթրիքների մշակույթը
Haribo ապրանքանիշի հայտնի մարմելադներում թմրամիջոց համարվող կանեփ է հայտնաբերվել
Հասարակությունն իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից պահանջել բարեպաշտություն. Հովհաննիսյան
Ստեփանավանի բժշկական կենտրոն դիմած տղամարդը կոտրել է մուտքի դռան ապակին, աղմկել, վիրավորել բուժաշխատողներին
ՊՆ համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները
273 մլն դրամ արժեքով ծրագիր և 55 սան. վարչապետն այցելել է Բայանդուրի նորակառույց մանկապարտեզ. տեսանյութ
Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետև կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի
Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT