Դատարանը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ Բաբայանն ու Բաբլոյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: 

Նիստի սկզբում դատավորն արձանագրեց, որ նիստին չի ներկայանալու Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը, իսկ մյուս պաշտպան Լուսինե Սահակյանը տվյալ պահին նիստերի դահլիճում չէ: Կողմերը չառարկեցին նման պայմաններում նիստը շարունակելուն, եւ դատավորը Արսեն Բաբայանի երրորդ պաշտպան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց՝ բացարկի, ինքնաբացարկի միջնորդություններ ունի թե ոչ:

Վարոսյանն ասաց, որ նախորդ նիստին հետեւել է օնլայն տարբերակով եւ միանում է իր գործընկերների՝ այդ ժամանակ բարձրացրած հարցերին, իսկ հավելյալ միջնորդություն ինքը չունի: Նշենք, որ նախորդ նիստին պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարել էր, որ դատարանն իրենց զրկեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել-չներկայացնելու հարցում կողմնորոշվելուց, քանի որ չպարզաբանեց՝ արդյոք ինքը իրեն համարում է ամբաստանյալներին մեղսագրված արարքների արդյունքում տուժած քաղաքացի: Պաշտպանը հիշեցրել էր, որ ըստ մեղադրանքի՝ այդ արարքների արդյունքում ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է եւ չի իրագործվել։

Նիստի մեկնարկից րոպեներ անց՝ պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացավ նիստերի դահլիճ եւ ասաց, որ իր օգնականին թույլ չեն տալիս մուտք գործել դատարան: Նախագահող դատավորը հիշեցրեց ԲԴԽ համապատասխան որոշման մասին, ըստ որի՝ համավարակի պայմաններում դատավարության մասնակից չհանդիսացող անձինք չպետք է ներկա գտնվեն, սակայն միաժամանակ նշեց, որ նախորդ նիստին որոշել են որոշակի վերապահումներով մոտենալ այդ հարցին: Հաշվի առնելով, որ ըստ պաշտպանի՝ իր օգնականն աշխատանք ունի անելու այս նիստի հետ կապված, դատավորը կարգադրիչներին խնդրեց հնարավորության դեպքում նրան թույլատրել մասնակցել նիստին: Րոպեներ անց օգնականը ներս եկավ:

Այնուհետեւ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը ներկայացրեց միջնորդություն՝ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Նա նախ հիշեցրեց, որ Բաբլոյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման հոդվածով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար, եւ ինքն այդ ժամանակ էլ միջնորդություն էր ներկայացրել քննիչին՝ պնդելով, որ այդ հոդվածով Բաբլոյանի նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում: Պաշտպանի միջնորդությունը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, քննիչն այդ ժամանակ մերժել էր: Վարդեւանյանն ընդգծեց՝ հաճախ չի պատահում, որ դատախազությունը քննիչի առաջադրած մեղադրանքը չի հաստատում եւ այն փոխելու ցուցում տալով՝ դարձյալ հետ է ուղարկում քննիչին. «Սակայն վերջինս համառորեն դա չարեց, եւ փաստացի, գործի՝ երկու անգամ վերադարձնելուց հետո ունեցանք արարքի վերաորակում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, բայց այս դեպքում էլ ստեղծվեց մի նոր իրավիճակ. այդ վերաորակման դեպքում որեւէ նոր քննչական գործողություն չկատարվեց, բայց մեղադրական եզրակացությունը հաստատվեց եւ ուղարկվեց դատարան»:

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ իրենց համոզմամբ՝ ողջ քրեական հետապնդումը՝ իր բովանդակությամբ, էությամբ, ձեւով, իրականացվել է խախտումներով: Ըստ Վարդեւանյանի՝ Արա Բաբլոյանի հիմնական մեղադրանքը կազմված է այն բանի շուրջ, որ նա, պատգամավորի կարգավիճակ ունենալով, ընտրվել է մյուս պատգամավորների կողմից որպես ԱԺ նախագահ, ունեցել է նման հնարավորություն եւ ցավոք, չի եղել խիստ արհեստավարժ իրավաբան, մինչդեռ ըստ նրա՝ օրենքում նման պահանջ չկա էլ: Վարդեւանյանը նշեց, որ պետք է մեղադրանքում հստակ վերլուծվեր, թե կոնկրետ որ  գործողություններն էին Բաբլոյանի իրավասության տիրույթում, որոնք պարտավոր լինելով կատարելով՝ նա չի արել, սակայն նման վերլուծություն, ըստ նրա, չի արվել:

Վարդեւանյանը անդրադարձավ նաեւ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքին՝ նշելով, որ ՍԴ-ն իր որոշումներից մեկով արձանագրել է, որ քրեական դատավարությունում կա օրենսդրական բաց, եւ առկա չէ բացահայտման կառուցակարգ՝ ում անձեռնմխելիությունն է պահպանվում պաշտոնավարումից հետո, ումը՝ ոչ. «ԱԺ նախագահը, փաստացի, հանդիսանում է պատգամավոր, իսկ պատգամավորն  օժտված է անձեռնմխելիությամբ, հիմա ԱԺ-ն այդ օրենսդրական բացը չի հաղթահարել, եւ այդ պարագայում ինչպե՞ս են ՀԾՔ-ն ու դատախազությունը չհաղթահարված օրենսդրական բացը մեկնաբանում ի վնաս անձի»,- ասաց նա՝ նշելով, որ այս հանգամանքին պետք է պատշաճ գնահատական տրվի:

Նշենք, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվելու էր ՍԴ անդամների կողմից եւ կարող էր պաշտոնավարել 6 տարի ժամկետով: Այդ կարգը, սակայն, ուժի մեջ է մտել 2015 թվականի ապրիլի 9-ից, եւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնի նշանակումը տեղի է ունեցել մինչ դա: Այդ ժամանակվա ընդդմիությունը բազմիցս հայտարարել է, որ Գագիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական է  տվել, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նոր նախագահ ընտրվի հնարավոր սեղմ ժամկետներում՝ մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում նա ընտրվելու էր 2005 թվականի Սահմանադրության համաձայն, այսինքն՝ ԱԺ-ի կողմից եւ ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչ 65 տարեկանը: Ըստ պաշտպանի՝ մեղադրանքից տպավորություն է առաջանում, որ ՍԴ նախագահի ընտրությունը մինչեւ ապրիլի 9 իրենից հատուկ արգելված մի գործողություն է ենթադրում, մինչդեռ դա բնական երեւույթ է եւ սահմանված է եղել Սահմանադրության 213-րդ հոդվածով:

Վարդեւանյանը շեշտեց, որ 2018 մարտի 21-ին՝ ՍԴ լիազորություններին տիրանալու ժամանակ, ինչպես վարույթն իրականացնող մարմինն է որակել, բոլոր խմբակցությունները մասնակցել են նիստին, որեւէ պատգամավոր գործընթացի իրավաչափությունը կասկածի տակ չի դրել, դա չի արել նաեւ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը. «Այսինքն՝ ԱԺ կանոնակարգի «ակնհայտ չգործող» օրենքի հիման վրա, ինչպես մեղադրանքում է նշված, որեւէ առարկություն չի հնչել նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների կողմից»: Վարդեւանյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը օրենքին նման՝ «ակնհայտ չգործող» գնահատական տվել քրեաիրավական դաշտում:

Նա տարակուսանք հայտնեց նաեւ մեղադրանքում շարադրված «կամարտահայտության լեգիտիմ ակնկալիք» եզրույթի վերաբերյալ, որը, ըստ նրա, 308-րդ հոդվածի տիրույթում չէ. «Եթե պարզվի, որ 308-րդ հոդվածը, կամ առհասարակ, քրեական դատավարության օրենսգրքի հատուկ մասը «լեգիտիմ ակնկալիք» է պաշտպանում, ապա ես կարող եմ հորդորել մեր քաղաքացիներին կենսաթոշակների, սեփականության իրավունքի հետ կապված ցանկացած հարցով, որտեղ, օրինակ, վարձատուն ուշացրել է վարձավճարը կամ փոխվել է կենսաթոշակի չափը, հաղորդում տա հանցագործության մասին, որովհետեւ այդ բոլոր դեպքերում կա լեգիտիմ ակնկալիք»,- ասաց Վարդեւանյանը՝ շեշտելով,  որ «լեգիտիմ ակնկալիք»-ը ամեն դեպքում քրեաիրավական պաշտպանության օբյեկտ չէ, հատկապես՝ 308-րդ հոդվածի լույսի ներքո: Պաշտպանության կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը:

Մեղադրող դատախազ Վահագն Պողոսյանը առարկեց միջնորդության դեմ՝ այն որակելով անհիմն: Դատախազը նշեց, որ պաշտպանի միջնորդությանը մանրամասն չի անդրադառնա, քանի որ իր գնահատմամբ՝ միջնորդության քննությունն այս պահին պետք է հետաձգվի, եւ դատարանն այն պետք է քննության առնի դատաքննությունը ավարտելուց հետո՝ խորհրդակիցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս: Այնուամենայնիվ, անդրադառնալով պաշտպանի հայտարարությանը, թե պատգամավորական անձեռնմխելիության հետ կապված խնդիր կա, դատախազը հերքեց այն՝ մեջբերելով Սահմանադրության 96-րդ հոդվածը: Ըստ դրա՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար. «ԱԺ նախագահի կողմից քվեարկությունը չի կարող նույնացվել պաշտոնեական հանցագործություն կատարելու հետ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդմանը, որ Արա Բբալոյանը արհեստավաևժ իրավաբան չէ, Պողոսյանն ընդգծեց, որ ըստ մեղադրանքի՝ Բաբլոյանը դիտավորությամբ է շրջանցել օրենքը, որպեսզի  Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դառնալու հնարավորություն ընձեռի: Մեղադրանքի էությանը վերաբերող մյուս հայտարարություններին դատախազը չանդրադարձավ՝ կրկնելով, որ դրանք չեն կարող քննարկվել, քանի դեռ գործով ապացույցները հետազոտված չեն:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միացավ Պողոսյանի դիրքորոշմանը եւ անդրադառնալով պաշտպանի այն հայտարարությունը, որ չկա որեւէ իրավական հիմք, որը պահանջում է, որ ԱԺ նախագահը լինի արհեստավարժ իրավաբան՝ այն անհիմն որակեց՝ ասելով, որ նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ չկա որեւէ իրավական նորմ, որ դատախազը կամ փաստաբանը պետք է անգիր իմանան քրեական դատավարությունը. «Պաշտպանության կողմը սուբյեկտիվ գնահատականներ է արտահայտում՝նշելով, որ որեւէ ապացույց չկա, որը կհիմնավորի մեղադրանքը, սակայն ապացույցները դեռեւս չհետազոտված՝ մեղադրանքի հիմնավորվածության մասին այսօր այս փուլում խոսելը, ենթադրություններ անելը ժամանակավրեպ է»,- ասաց Պետրոսյանը՝ միաժամանակ նշելով, որ բովանդակային մասով միջնորդությունը ենթակա է մերժման:

Լսելով կողմերին`նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ`որոշում կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը: Մինչ գրավոր տարբերակով այն կողմերին տրամադրելը դատավորը հարկ համարեց պարզաբանել, որ միջնորդությունը մերժել է, քանի որ արձանագրել է, որ պաշտպանական կողմը հղում է կատարել գործում առկա ապացույցներին, փաստական հանգամանքներին, որոնք դեռեւս չեն հրապարակվել, չեն հետազոտվել, եւ դրանց կապակցությամբ չեն հնչել կարծիքներ. «Այս համատեքստում դատարանը գտել է,որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դատական նիստի նախապատրաստական փուլում ապացույցներին, մեղադրանքին, փաստական հանգմանքներին գնահատական տալը կխախտի մրցակցային դատավարության եւ դատարանի անկողմնակալությանը սկզբունքը»: Ըստ Հարություն Մանուկյանի՝ այդ պարագայում կստեղծվեր օբյեկտիվ հիմք՝ պնդելու, որ դատարանը գործով որոշակի տրամադրվածություն է ունեցել: Դատավորը պարզաբանեց նաեւ, որ միջնորդության մերժումը խոչընդոտ չէ այն հետագա փուլերում համապատասխանան դատավարական գործողություններն իրականացնելուց հետո կրկին ներկայացնելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2000 դիտում

Դատախազը դիմել է ԱԺ նախագահին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությամբ

Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը. Ժաննա Անդրեասյան

Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. արտակարգ դրություն է հայտարարվել. տեսանյութ

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել

Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը

Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ

Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը

ԲՏԱ նախարարությանը 2024-ին պետբյուջեն հատկացրել է 18.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 77.1 տոկոս է. հաշվետվություն

27 հազար 365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում ԲԸՏՄ-ում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 9-ին

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր խմբեր են փոխանակել

Անցած 3 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 40 պատահար. մեկ մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել վնասվածքներ

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՊՆ-ում

«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր հափշտակության համար. վարույթը դատարանում է

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին

Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է

Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ

Կոտայքի մարզում հնչած կրակոցների, ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Արզնիի համայնքապետը և 7 անձ

Առանձին շրջաններում կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունել կկառուցվի. հինը կօգտագործվի վթարային իրավիճակների համար

Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

Այս տողերի հեղինակը հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Հակոբյան

Գարեգին Բ-ին սատարող որևէ ուժ և հոգևորական չի հերքել նրա՝ զավակ ունենալու փաստը, ուրեմն՝ բոլորը գիտեն. Չախոյան

Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից կհանեն պետական անվտանգության մասին ինֆորմացիա, ես օք եմ. Աղազարյան

Տուգանվել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերությունը, «Մայ նետ»-ի լիցենզիան էլ 30 օրով կասեցվել է

Ինչու ԶՊՄԿ-ն 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահը պարզաբանել է

Գրետա Թունբերգի՝ Գազա ուղևորվող «օգնության նավը» Իսրայելի զինվորականները կալանավորել են, ուղղությունը փոխել

Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել Կառավարությանը և ջրային կոմիտեին․ մանրամասներ

Ինչ վիճակում են վթարի հետևանքով տուժած պարեկն ու մյուս վիրավորները

Էլեն Ասատրյանը Թունիսում նշանադրվել է. լուսանկարներ

Կատալիզատորը հանում են և թունավորում բոլորիս. Ավինյան

Ախուրյան գյուղում տուն է հրդեհվել



OSZAR »